Լիբիան լքածների թիվը անցել է 140 հազարից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով «Ալ-Ջազիրան», նրանց առնվազն կեսը հայտնվել է հարեւան Թունիսում:

Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ թունիսյան սահմանապահները կրակել են օդ` փորձելով վերահսկել փախստականների հոսքը Ռաս-Ջեդիր անցակետում, որպեսզի մարդիկ կազմակերպված անցնեն:

«Ալ-Ջազիրայի» թղթակիցը հաղորդում է, որ լիբիական կողմից հավաքվել է ահռելի բազմություն, որը շարունակում է աճել: Կամավորները սահմանային անցակետերով ուտելիք եւ ջուր են փոխանցել:

Թունիսի իշխանությունների տվյալներով, վերջին 9 օրերին երկիր է մտել մոտ 75 հազար մարդ, այդ թվում` Լիբիայում աշխատող օտարերկրացիներ:

BBC News-ի տեղեկություններով, ներկայումս սահմանն անցնելուն սպասում են մոտ 40 հազար մարդ: