Նման երեւույթը մենք կարող են դիտարկել միայն իրավական հարթությունում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Ռեսթարթ» նախաձեռնության անդամների եւ Հայաստանի ոստիկանության պետի նախկին խորհրդական, բլոգեր Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։

Նրա խոսքերով, ցանկացած հակաօրինական գործողություններ պետք է գնահատական ստանան հենց իրավական դաշտի շրջանակներում։

«Ես չեմ կարող գնահատական տալ որեւէ գործողության՝ դրանք օրինական են եղել, թե ոչ։ Կարծում եմ՝ այդ ամենին համապատասխան գնահատական կտան իրավապահ մարմինները, եւ վստահ եմ, որ նրանք այն կտան»,- ընդգծեց Մակունցը՝ հավելելով, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ միջադեպի մանրամասներին եւ իրադարձությունների հետագա զարգացմանը։

Սակայն, իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով, ինչ էլ որ եղած լինի, անկախ պատճառներից, ոչ ոք իրավունք չունի ուրիշի իրավունքների հաշվին իրականացնել իր իրավունքները։

Ընդ որում, Մակունցը կարծում է, որ այս միջադեպը, ամենայն հավանականությամբ, ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի։

«Սա երկու քաղաքացիների հարաբերությունների ձեւաչափ է։ Եւ հենց այս հարթությունում է հարկավոր դիտարկել տվյալ հարցը՝ անկախ հակամարտության կողմերից յուրաքանչյուրի դրդապատճառներից։ Սա իմ կարծիքն է»,- պարզաբանեց պատգամավորը։

Այն հարցին, թե չեն խտրականացնում արդյոք «Ռեսթարթ» նախաձեռնության անդամների գործողությունները, որոնք բազմիցս հայտարարել են գործող իշխանությանը եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թավշյա հեղափոխության արժեքներին իրենց աջակցությունը, Մակունցը հիշեցրեց, որ թավշյա հեղափոխության կարգախոսը եղել է «օրենքի եւ սահմանադրության խախտման անթույլատրելիությունը»։

«Մենք գործել ենք բացարձակապես իրավական հարթության, օրենքի եւ սահմանադրության շրջանակներում։ Եւ ես չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ այդ իմաստով որեւէ բան է փոխվել»,- հայտարարեց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ լույս մարտի 4-ի գիշերը «Ռեսթարթ» նախաձեռնության անդամները փորձել են Հայաստանի ոստիկանության պետի նախկին խորհրդականին մտցնել աղբամանի մեջ, սակայն դեպքի վայր հասած ոստիկանները կանխել են դա։ Միջադեպի բոլոր մասնակիցները տարվել են ոստիկանության բաժանմունք։ Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։