Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ Մանիլայի օդանավակայանում ուղեւորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է ավելի քան 1500 կենդանի կրիա, տեղեկացնում է Associated Press-ը։

Տարբեր տեսակների կրիաները կիրակի հայտնաբերվել են Հոնկոնգից Մանիլա ժամանած մի ֆիլիպինցու չորս ճամպրուկներում։

Կրիաները, որոնց ստույգ թիվը 1529 հատ է, ուղարկվել են Շրջակա միջավայրի պահպանության նախարարության վայրի բնության եւ բնական պաշարների թրաֆիկինգի մշտադիտարկման բաժին։

Նշվում է, որ երկրում հաստատվել է տուգանք՝ 200 000 պեսո (3861 դոլար) վայրի կենդանիների եւ բնական պաշարների անլեգալ վաճառքի համար, ինչպես նաեւ բանտարկություն մինչեւ 2 տարի ժամկետով։

Նշվում է, որ 2018 թվականին Ֆիլիպինների իշխանությունները հայտնաբերել են վայրի բնության եւ կենդանիների հազվադեպ տեսակների 560 նմուշի տեղափոխման եւ վաճառքի դեպքեր։