Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում որոշում կայացրեց՝ առաջարկել Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել:

Ըստ այդմ, կառավարության առաջարկով նիստը կգումարվի մարտի 13-ին` ժամը 12:00-ին:

Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Նշվում է նաեւ, որ հարցի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Ավելի ուշ կառավարությունը որոշեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին հարցը: Այն վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարագիր ներկայացնելու ժամկետներին: