Խախտվել են Կարեն Ղազարյանի ազատության եւ արդար դատաքննության իրավունքները: Մարտի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը անցյալ տարվա ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանում էր հայտնվել: Չնայած հոգեկան վիճակի հետ կապված ակնհայտ խնդիրներին, Ղազարյանը «դիվերսանտ» է հռչակվել, իսկ վերջերս դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

Դեռ անցյալ տարվա ամռանը Արա Ղազարյանը Կարեն Ղազարյանի գործով դիմել էր ՄԻԵԴ: Հիմա նորն են պատրաստում: «Տեղի ունեցավ այն, ինչի մտավախությունն ունեինք: Խախտվել են նրա ազատության եւ արդար դատաքննության իրավունքները: Կարենին թույլ չեն տալիս արտաքին աշխարհի, նույնիսկ ծնողների հետ շփվել: Եթե քննության փուլում դա հնարավոր էր ինչ-որ կերպ բացատրել, ապա հիմա նման վերաբերմունքն անհասկանալի է: Բնական է, որ արգելքի պատճառն ուրիշ է: Բանն այն է, որ Ղազարյանի վերաբերյալ առասպել է ստեղծվել եւ կեղծված գործ: Եթե նրան թույլ տան ազգականների եւ ընկերների հետ շփվել, ապա առասպելը կփլուզվի»,- նշեց իրավաբանը: Նա հիշեցրեց, որ Ղազարյանի հետ կապի միակ ուղին ԿԽՄԿ-ն է, ինչի համար նրան շնորհակալ են:

«Դատարանում նրա կողքին չէր անգամ փաստաբանը, եւ նա վատ տեսք ուներ»,- նշեց Արա Ղազարյանը: Նա, միաժամանակ, ընդգծեց Ղազարյանի հարցում համագործակցելու ադրբեջանական կողմի լիակատար մերժումը՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել նախկինում: «Մենք չգիտենք՝ կլինի արդյոք բողոքարկում: Հնարավոր չէ Ադրբեջան զանգահարել: Նույնիսկ ստիպված էինք ԱՄՆ-ի միջոցով դիմել Ադրբեջանի գլխավոր դատախազին: Բայց պատասխան չկա»,- նշեց Ղազարյանը:

Ի պատասխան դատապարտյալներին հանձնելու մասին կոնվենցիայի համաձայն Կարեն Ղազարյանին հայրենիք փոխանցելու հնարավորության մասին հարցին՝ իրավաբանը նշեց, որ Ադրբեջանն ասում է՝ քանի որ հարաբերություններ չկան, ապա պարտավոր չեն կոնվենցիան կատարել: «Բայց քանի որ միջազգային համաձայնագրերը ստորագրել են, ապա պարտավոր են կատարել: Օրինակ՝ Հայաստանն ու Թուրքիան նույնպես դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն քանիցս եղել են արտահանձնման դեպքեր»,- նշեց իրավաբանը:

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան իր հերթին նշեց, որ Ղազարյանն Ադրբեջանի իշխանություններին պետք է. «Բացառված չեն Հայաստանից մարդկանց նոր առեւանգումներ: Նրանք հստակ հրահանգ ունեն՝ հնարավորինս շատ մարդկանց ներկայացնել դիվերսանտ, որպեսզի հարկադրեն նրանց իրենց երկու դիվերսանտների (Գուլիեւի եւ Ասկերովի – խմբ.) հետ փոխանակելուն»,- շեշտեց քաղաքագետը: