ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստին մանրամասն ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, կարեւորեց, որ նախագծով տալիս են փոքր բիզնեսի սահմանումը, եւ հարկերից ազատելը, ըստ նրա, աշխատանքի խրախուսման տրամաբանության եւ փիլիսոփայության մեջ է: Նա նշեց, որ մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցները մարզերում կազատվեն հարկերից:
Վարչապետը նշեց, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում եւս կարեւորվել է, որ այդ սեգմենտի համար ֆինանսական միջոցները դարձնեն հասանելի եւ հատուկ ցածր տոկոսով վարկեր տրամադրեն, եւ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել:
Ինչ վերաբերում է ռիսկերին, վարչապետն ասաց, որ երբ նախկինում այդպիսի շեմեր են սահմանվել, ընկերությունները տրոհվել են, որ այդ շեմի ներքո հայտնվեն եւ օգտվեն արտոնյալ պայմաններից:
«Այս գործիքի նպատակն աղքատության հաղթահարման պրոցեսում քաղաքացիներին աջակցելն է, եւ ես հույս ունեմ, որ չենք ունենա այդ իրավիճակը, որ 50, 100 միլիոն շրջանառություն ունեցողները տրոհվեն, եւ դառնան 10-20 մինի ձեռնարկություններ, եւ սրա համար շատ կարեւոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ ՀԴՄ-ների հարցում լինել հետեւողական»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ գնում են այս փոփոխություններին, եւ այստեղ ամենահարեւորը վստահությունն է: «Պետք է փոխենք ռեժիմը, երբ կառավարությունն ու հասարակությունը միմյանց նկատմամբ անվստահության կանխավարկածով են առաջնորդվում: Մենք պետք է վստահենք քաղաքացիներին, եւ քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը: ՀԴՄ խփել-չխփելով է որոշվելու՝ մինի ձեռնարկություն է տվյալ բիզնեսը, թե ոչ»,-ասաց նա:
Ի վերջո, կառավարությունն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները:





























