EasyJet ավիաընկերության ուղեւորուհին անձնակազմի անդամների մեղքով մահացել է ինքնաթիռի սրահում՝ հայտնում է Daily Mail-ը։

64-ամյա կինը, ում նույնականացրել են որպես ԷՆ, մահացել է ինքնաթիռի սրահում, որը Լոնդոնից Մալագա (Իսպանիա) էր մեկնում։ Ավիաընկերության աշխատակիցներին մեղադրել են անփութության մեջ, քանի որ նրանք շրջագայության ժամանակ ծանր վարակով հիվանդացած կնջը թույլ են տվել ինքնաթիռ նստել։

Ինչպես պատմում է ականատես Ջեյկոբ Ռոբերթսը, ով նույն չվերթում է եղել, ինքը Էնի հետ ծանոթացել է օդանավակայանում, մինչեւ ինքնաթիռ նստելը։ «Նա ծանր վարակ ուներ։ Ուժեղ խռռացնում էր։ Ես ինքս կարգելեի նրան թռչել, բայց ով եմ ես»,- ասել է նա։

Ջեյկոբի ընկերուհի Ջեսիկան ասել է, որ երբ ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել Իսպանիայում, ուղեկցորդուհիները չեն ստուգել՝ կոճկած է արդյոք Էնի անվտանգության գոտին, քանի որ նա քնած է եղել, որի պատճառով կինը գլխով հարվածել է առջեւի նստարանին։ Այդ ժամանակ զույգը փորձել է արթնացնել նրան, սակայն նա չի արթնացել այլեւս։

Վայրէջքից հետո զույգը կապ է հաստատել EasyJet-ի հետ, որպեսզի բողոքի տեղի ունեցածից։

«Ավիաընկերության կողմից օգնության բացակայությունը, մեղմ ասած, ցնցող է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Էնն իր հիվանդության մասին զգուշացրել էր ստուգման բոլոր կետերում։ Եթե նրանք ստուգեին նրա անվտանգության գոտին, եթե գլուխը հետ տանեին առջեւի նստարանից, ապա, հնարավոր է, այդ մահը տեղի չէր ունենա»,- ասել է Ջեսիկան։