Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ խնդրելով կրկին թույլ տալ հերբիցիդների ցողումը կոկայի տնկիների դեմ պայքարելու համար: Այս մասին նշված է նրա Twitter-յան էջում տեղադրված հայտարարության եւ տեսանյութի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը օդից ցողելը 2015 թվականին արգելվել էր: Դուկեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2013 եւ 2017 թվականների միջակայքում երկրում կոկայի աճեցման տարածքները 374 տոկոսով մեծացել են: «Թմրանյութերի վաճառքը քրեական ոլորտ է, եւ մենք պետք է դրա դեմ պայքարենք բոլոր գործիքներով»,- ասել է նա:

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն առնչվում է միլիոնավոր կոլումբիացիների կյանքի, ազատության, անվտանգության, շրջակա միջավայրի իրավունքներին: Դա սպառնալիք է սահմանադրական կարգին, ուստի դրա դեմ պայքարելու համար բոլոր գործիքների կարիքն ունենք»,- հավելել է երկրի նախագահը:

Դուկեն 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ մեկ տարվա ընթացքում երկրին հաջողվել է կոկայի տնկիների մակերեսը կրճատել ավելի քան 87,5 հազար հեկտարով, իսկ արդյունքում այս թիվը կազմել է 60 հազար հեկտարից ավելի: Եվս 27,5 հազար հեկտարից ավելին փոխարինվել է այլ մշակաբույսերով:

Ավելի վաղ Բոլիվիայում ՄԱԿ թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության ներկայացուցիչ Տիերի Ռոսթենը նշել էր, որ կոկայի տնկիների համաշխարհային մակերեսները, որը կոկաինի արտադրության հումքն է, կազմում է 213 հազար հեկտար: Նրա խոսքով՝ առաջին տեղում Կոլումբիան է՝ 146 հազար հեկտարով (համաշխարհային տնկիների 68,5 տոկոսը): Երկրորդ տեղում Պերուն է (43,9 հազար հեկտար, տնկիների 21 տոկոսը): Բոլիվիան մոտ 10 տոկոսով (23 հազար հեկտար) երրորդ տեղում է: