Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում ավազակներն առեւանգել են ավտոբուսի գրեթե երկու տասնյակ ուղեւորի:
Excelsior պորտալը հայտնում է, որ ավտոբուսը Տամպիկո քաղաքից Ռեյնոս էր ուղեւորվում, երբ ճանապարհը փակել են երկու ավտոմեքենա եւ ստիպել կանգնել: Այնուհետեւ սրահ են մտել զինված մարդիկ եւ 41 ուղեւորից 19-ին իջեցրել ու տարել անհայտ ուղղությամբ:
Վարորդն այնուհետեւ կապ է հաստատել իր ղեկավարության հետ՝ զեկուցելով իրավիճակի մասին: Գործին միացել են իրավապահները, բայց առեւանգման մասին առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:
Մեքսիկայի արեւելյան ափին գտնվող Տամաուլիպաս նահանգը թմրաթրաֆիքի համակարգում առանցքային տարածաշրջաններից մեկն է, ինչպես նաեւ գոտի, որտեղ թմրակարտելների կոնֆլիկտների պատճառով բազմիցս զանգվածային սպանություններ են կատարվել: Ներկայումս տարածքի համար պայքարում են երեք կարտելներ:





























