Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով առողջապահության ոլորտում տարբեր տարիներին տեղ գտած իրավախախտումների շուրջ իրավապահ մարմիններին իր կողմից ուղարկված գրությունների մասին։

Դիտարկմանը, որ բժիշկներից շատերը այդ գրություննեը մեկնաբանում են որպես «գործ տալ», նախարարը պատասխանեց. «Եթե կա մի պաշտոնյա, որը իրավախախտման մասին չի հայտնում իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է իրավախախտումը»։

Նա դժվարացավ հիշել իրավապահներին ուղարկված գրությունների քանակը՝ նշելով, որ դա իր հիմնական նպատակը չէ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում առողջապահության ոլորտում բացահայտվում են իրավախախտումներ, որոնց մասին գրություններն իրավապահներին է փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։