Մինչեւ մայիս խոսվում էր, որ մաքսային ներկայացուցչական ընկերությունները, բրոքերները հիմնականում պատկանում էին մաքսային մարմնի ինչ-որ պաշտոնատար անձանց: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով, հիմա որպեսզի բացառեն նման իրավիճակը, երբ մաքսային ծառայողը միաժամանակ կունենա մաքսային բրոքերական գրասենյակ՝ ձեւակերպելով այն իր ընկերոջ կամ ընտանիքի անդամի անունով, նախատեսում են օրենսդրական փոփոխություն, որպեսզի իրական սեփականատերերի մասով կատարվի արդյունավետ բացահայտում:

«Դրա համար նախատեսել ենք քրեական պատասխանատվություն, եթե գրանցման փուլում տնօրենը չի բացահայտում իրական սեփականատիրոջը, նաեւ որոշել ենք այս նախաձեռնությամբ սահմանափակել այդ ընկերությունների կանխիկ գործարքները, որպեսզի բացառվի այդ փոխկապակցվածությունը, իսկ եթե նման փոխկապակցվածություն լինի, դա արագ հնարավոր լինի բացահայտել»,-ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաեւ արգելանքների թեմային՝ նկատելով, որ դա բիզնեսի համար ամենազգայուն թեման է:

«Ներկայումս կարգավորումն այնպիսին է, որ կարելի է կիրառել արգելանք, եթե հնարավոր է, որ տնտեսվարողը որեւէ գույք կարող է թաքցնել: Նոր կարգավորմամբ որոշել ենք այնպիսի հնարավորություն ընձեռել տնտեսվարողին, որպեսզի վերջինս ներկայացնի հարկային պարտավորությունները ճիշտ ժամանակին չկատարելու պատճառաբանությունները եւ եթե դրանք հարգելի կլինեն, արգելանքի պրակտիկան փոխելու ենք»,-ասաց նա: