Արմավիրի մարզում 2017թ. համեմատ 2018թ.-ին 14,1%-ով ավելացել են բնակարանային գողության դեպքերը: Դրան զուգահեռ 7,5 տոկոսային կետով նվազել է նշված հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Այս մասին այսօր հայտարարվել է Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Ընդ որում՝ նվազում է արձանագրվել արդեն մի քանի տարի շարունակ, ինչը վկայում է գողությունների կանխարգելման ուղղությամբ պրոֆիլակտիկ միջոցառումների, բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ցածր արդյունավետության մասին:
Արձանագրվել է, որ 13,4%-ով աճել են ՃԵԿ խախտումները, որի հետևանքով 54,5%-ով ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը:
Դրան նպաստող՝ Արմավիրի մարզին առավել բնորոշ պայմանները վերացնելու ուղղությամբ մարզի դատախազությունից հաղորդում է ուղարկվել Արմավիրի մարզպետին, համապատասխան միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայություն: Արդյունքում թարմացվել են մայրուղու գծանշումները, պատահարավտանգ հատվածներում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, իսկ գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են մայրուղիների երթևեկելի մասերից, ինչն արդեն իսկ տվել է արդյունքներ՝ համապատասխան հատվածներում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏ պատահարներ չեն արձանագրվել:
Մարզի դատախազի կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է գյուղմթերքի վաճառքի գարնանային ակտիվ շրջանում մայրուղիների կոնկրետ տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն:





























