Արմավիրի մարզում թմրամիջոցների հետ կապված հանցատեսակներով արձանագրվել է նվազում։ Այս մասին հայտարարվել է Արմավիրի դատախազությունում այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ։
50%-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 25,7%-ով՝ իրացման դեպքերը:
Մտահոգիչ է համարվել, որ դեպքերի քանակը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ հաշվի առնելով մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածությունը:
Նշված հանցատեսակներով դատական պրակտիկան վկայում է, որ այդ հանցագործությունները կատարողների զգալի մասը նախկինում ունեցել է դատվածություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար: Վերջինս վկայում է նախկինում նման հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց հաշվառման, նրանց շրջանում իրականացվող կանխարգելիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների նվազ արդյունավետության մասին: Մարզի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել այս ոլորտում կատարվող աշխատանքները: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի զգալի մասը կապված են եղել «Արմավիր» ՔԿՀ-ի հետ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը:
Չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Արմավիրի մարզում, սակայն շեշտվել է մարզի ազգաբնակչության հետ համագործակցության մակարդակի բարձրացմամբ սխեմատիկ կոռուպցիոն հանցագործություններ տեսանկյունից առավել ռիսկային ոլորտներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:





























