Wikileaks կայքում հրապարակված ամերիկյան դիվանագետների հեռագրերը վկայում են, որ  2008 թվականի  օգոստոսին Ռուսաստանը չի հարձակվել Վրաստանի վրա։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Իրականում Wikileaks-ի հրապարակած  նյութերը կրկին անգամ ապացուցում են վրացական կառավարության կողմից առաջ քաշվող անհիմն  դրույթը, թե 2008 թվականին Ռուսասատանն է  ագրեսիա  գործադրել Վրաստանի դեմ։ Հրապարակված նյութերից երեւում է, որ դեռ օգոստոսի 7-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն, ինչպես նաեւ այն ժամանակ դեռ Վրաստանում գտնվող ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնում էին վրացական զինտեխնիկայի տեղաշարժի մասին։ Այնպես, որ այն ժամանակ Ռուսաստանի կողմից հարձակման մասին խոսակցություն չի եղել: Խոսվել է միայն վրացական ուժերի եւ Հարավային Օսեթիայի բնակիչների միջեւ բախումների մասին»-ասել է Լուկաշեւիչը։

Հիշեցնենք, 2008 թվականի օգոստոսի 8-ին Վրաստանի զինուժը ներխուժել է Հարավային Օսեթիայի տարածք: ԴՐանից հետո Ռուսաստանը խաղաղություն հաստատելու անվան տակ զորքեր է մտցրել Հարավային Օսեթիա, նաեւ Վրաստանի այլ տարածքներ: Նույն տարվա օգոստոսի 26-ին, ՌԴ-Ն պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը։