Հինգշաբթի` մարտի 3-ին իսրայելցի վերաբնակիչները «ցասման օր» են հայտարարել: Փակվել է երկրի գլխավոր խճուղին Երուսաղեմի մուտքի մոտ, բողոքի ակցիաներ են ընթանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ակցիաներն ընթանում են ի նշան բողոքի Հավատ-Գիլադ բնակավայրում տների քանդման եւ այդ գործողության ընթացքում ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման դեմ: Այն ժամանակ ռետինե գնդակներից տուժել էր 13 մարդ:
Ոստիկանությունը մտավախություն ունի, որ վերաբնակիչները կարող են հարձակվել արաբական գյուղերի վրա եւ վառել պաղեստինցիների ցանքատարածությունները, ինչը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Անվտանգության ծառայություններն ավելացրել են պատրաստվածության մակարդակը Հուդայում եւ Սամարիայում:




























