Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 3-ին  հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առեւտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ  ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: