Այն փաստը, որ The Wall Street Journal-ի նման հեղինակավոր պարբերականը Ադրբեջանը ներառել է հուզումների «ընդունակ» երկրների իր վարկանիշային  տասնյակում, արդեն իսկ խոսում է արտաքին ուժերի կողմից այդ երկրի ինչ-ինչ շարժումների շահագրգռվածության մասին։ Մարտի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նորավանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի կողմից  հրապարակված այն երկրների ցուցակը, որտեղ հնարավոր են զանգվածային անկարգություններ եւ բողոքի ցույցեր։

Մեկնաբանելով Ադրբեջանում հեղափոխական ռիսկերի բարձր մակարդակը՝ Հարությունյանը նշեց զարգացվածության ցածր ցուցանիշը, կաշառակերությունը, ինչպես նաեւ Ալիեւների վարչակազմի հանդեպ ձեւավորված բացասական մթնոլորտը։

«Հարեւան Ադրբեջանում պայթյունավտանգ իրավիճակ է։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանը հայտնվել է 10-րդ հորիզոնականում, վկայում է, որ ալիեւյան վարչակազմն Արեւմուտքի մոտ կորցրել է իր հմայքը»:

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, չպետք է խիստ լրջորեն վերաբերել նմանօրինակ վարկանիշային ցուցակներին։

Նշենք, որ The Wall Street Journal պարբերականը կազմել էր այն երկրների սեփական ցուցակը, որտեղ կարող են զանգվածային անկարգություններ եւ բողոքի ցույցեր լինել։ Ռուսաստանը 85 երկրների շարքում գրավել էր 40-րդ տեղը։ Նրա «բողոքի ինդեքսը» կազմել էր 58: Ցուցակը կազմելիս հաշվի էին առնվել երեք չափորոշիչներ՝ սոցիալական անարդարություն, միտվածություն խռովություններին եւ բողոքի գործոնը։

Առաջին հորիզոնականը 100 գործակցով ցուցակում զբաղեցրել էր Քենիան։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել էին Կամերունը եւ Պակիստանը։ Ամենափոքր ցուցանիշները գրանցվել էին Կանադայում, Ավստրիայում եւ Շվեդիայում։