Հարկային օրենսգրքի ներկայացված տարբերակ դեռ չկա, ամեն օր մի բան փոխում են. երբ կհաստատեն, կուղարկեն խորհրդարան, նոր մեր մոտեցումներով հանդես կգանք: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ասելու ենք, թե ինչի համար ենք մենք պայքարում ու մեր առաջարկներից որոնք են ընդունվում, որոնք՝ չէ, դրանից կախված արդեն կորոշենք՝ ինչպես ենք քվեարկելու»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը նկատեց, որ նախկին իշխանության ժամանակ անընդհատ դժգոհում էին, որ ընդդիմության առաջարկները հաշվի չեն առնում, նախագծերը մերժում են, այս իշխանություններն ընդունո՞ւմ են ընդդիմության առաջարկները, թե էլի մերժում են, Մարուքյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ այս իշխանության աչքերն ուռել են ընդդիմության առաջարկների համար, բայց դեռեւս վերջնական գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է դեռ աշխատել: Առաջին քառօրյայից հետո սկսել պնդել, որ ընդդիմության առաջարկներն ամբողջությամբ մերժում են, այնքան էլ արդար չի լինի, ժամանակ տանք՝ կասենք»:
Նա ասաց, որ նախագծեր կան՝ մերժվում են, նախագծեր կան՝ ընդունվում են, օրինակ՝ 27 տարին լրացած զինծառայություն չանցածների մասին նախագիծն ընդունեցին:
Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը ցույց է տալիս պատրաստակամություն՝ աշխատելու, ականջալուր լինելու եւ խնդիրները լուծելու:
«Մենք էլ, ըստ էության, պետք է օրակարգը զբաղված պահենք ու այդպես էլ անում ենք, արդյունքում կերեւա՝ որքանով են ականջալուր ու որքանով է հնարավոր խնդիրները համատեղ լուծել»,-ասաց նա:





























