Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով նրանք առաջարկում են անշարժ գույքի հարկի արտոնություն տալ այն բյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50 % վնասվել են:
Հարցը ներկայացրել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Այս գործիքը նշանակալի չէ գործնականում այն վնասների համեմատ, որոնք կարող է ունենալ գյուղացին աղետների ժամանակ: Այն կարող է առաջացնել վարչարարության խնդիրներ: Բացի այդ, գույքային հարկերի տրամաբանությունն է խաթարվում: Հատկապես խնդրահարույց է տնամերձերի հարցը, թե ով պետք է գնահատի, ինչ չաով եւ ընդհանրապես, ինչու դա պետք է փոխհատուցվի»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին պետության կողմից աղետների պատճառով գյուղացիներին փոխհատուցման գումարներն ավելի մեծ են եղել, քան գույքահարկից ազատումներից ստացվող միջոցները:





























