Մասնակից երկրների խորհրդարանների կողմից ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների մշակած օրենսդրական մոդելների ընդունման տոկոսը շատ ցածր է:

ԱՊՀ ՄԽՎ  մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը:

Նրա խոսքով՝ նիստը սկսվել   է Հանձնաժողովի փոխնախագահի ընտրություններից, որի պաշտոնում նա է ընտրվել:

«Կազմակերպչական հարցերի լուծումից հետո նիստի մասնակիցները անցել են մշակման փուլում գտնվող «Դպրոցական սպորտի» եւ «Սոցիալական զբոսաշրջության մասին» մոդելային օրենքների նախագծերի քննարկմանը: Պարզվել է, որ մասնակից երկրների խորհրդարանների կողմից ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների մշակած օրենսդրական մոդելների ընդունման տոկոսը շատ ցածր է», - ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ հանձնաժողովը կառաջարկի փոփոխություններ մտցնել ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի նախագծում ` հաշվի առնելով նաեւ Հայաստանի շահերը:

Նշենք, որ մարտի 14-ին կայացել էր ԱՊՀ ՄԽՎ  մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի հանձնաժողովի հերթական նիստը: