Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի հարցը շատ բարդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս հարցում օրենքի բաց կա, քանի որ բնակիչները հավաքել են 4500–ից ավելի ստորագրություն, որից ելնելով համայնքապետը պետք է հրաժարական տար, սակայն օրենքով նման դրույթ չի սահմանվում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քարոզարշավի ժամանակ կոչ էր արել բնակիչներին ստորագրահավաք կազմակերպել եւ հավաքել անհրաժեշտ ստորագրությունները, ապա համայնքի ղեկավարներին հորդորել էր հրաժարական տալ։ Եթե համայնքի ղեկավարը մեծ աջակիցներ ունի, կարող է հրաժարական տալ եւ կրկին ընտրվել։ Այժմ Տարածքային կառավարման նախարարությունը այդպիսի փոփոխություն է պատրաստում, որպեսզի որոշակի թվով ստորագրություն հավաքելուց հետո համայնքի ղեկավարը պետք է վայր դնի լիազորությունները»։
Դիտարկմանը, թե Ուրցաձորի դեպքում, երբ մարզպետը հորդորեց, եւ համայնքապետը հրաժարական տվեց, կիրառելի չէ՞ Անի համայնքի դեպքում, Շիրակի նախկին մարզպետը նկատեց, որ որեւէ մարզպետ իրավասու չէ հորդորել համայնքապետին հորդորել հրաժարական տալ։ Հարցին՝ ստացվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խախտում է թույլ տվել, նա հրաժարվեց մեկնաբանել. «Որեւէ մարզպետ իրավունք չունի հորդորել համայնքապետին հրաժարական ներկայացնել, քանի որ համայնքապետը ընտրված մարմին է եւ որոշակի անկախություն ունի»:
Հարցի լուծման լավագույն տարբերակը, ըստ պատգամավորի, հանրաքվեի տարբերակն է, սակայն նա այդտեղ եւս խնդիրներ է տեսնում. «Երբ ունենք փոքր համայնքներ, որտեղ երկու ազգություն է բնակվում, ընտրությունների արդյունքում մի ազգությունը կարող է դուրս գալ մյուսի դեմ։ Ուստի պետք է համապատասխան սխեմաներ մտածենք»։
Այդպիսի սխեմաներից է նրա համար համայնքների խոշորացումը։ Պատգամավորի խոսքով՝ համայնքների խոշորացման մասով մարդիկ իրազեկվածության պակաս կա. «Օրինակ՝ Ախուրյանի Կամո համայնքում 70 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցվում պետության ֆինանսավորմամբ, որը եթե չլիներ, համայնքը չէր կարող այդ հսկայական կառույցը կառուցել»:
Նրա կարծիքով, եթե համայնքերի խոշորացումից հետո մարդիկ տեսնեն դրա առավելությունները, այլեւս դեմ չեն արտահայտվի։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ բողոքի ցույցեր են խոշորացված Անի համայնքում, բնակիչները պահանջում են համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։





























