Իսրայելում Բրազիլիայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ «հարձակում» կլինի պաղեստինցնիների վրա եւ միջազգային իրավունքի խախտում, ասել է Լատինաամերիկյան երկրում Պաղեստինի դեսպան Իբրահիմ Ալզեբեն, հաղորդում է AFP-ն:
Ալզեբենի հայտարարությունը հնչել էր Բրազիլիայի նախագահ Ժաիրա Բոլսոնարոյի Իսրայել պաշոտնական այցից մի քանի օր առաջ:
«Ցանկացած պետության դեսպանատան տեղափոխումն Իսրայել միջազգային իրավունքի խախտում է եւ հարձակում պաղեստինցի ժողովրդի վրա», - ասել է Ալզեբենը:
Հունվարին իշխանության գալուց հետո Բոլսոնարոն հաստատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին հետեւելու եւ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու խոստումը:
Անցյալ շաբաթ արտգործնախարար Էռնեստո Արաուժոն լրագրողներին ասել էր, որ կառավարությունը «դեռեւս քննարկում է» այդ հարցը:
Դեսպանատան տեղափոխման հարցը շատ զգայուն է: Իսրայելը ամբողջ Երուսաղեմն իր մայրաքաղաքն է համարում, իսկ պաղեստինցիները Արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:
Փաստացի բոլոր երկրները համաձայն են, որ Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն իսրայելա-աղեստինյան խաղաղ բանակցությունների միջոցով:
Սակայն ԱՄՆ-ն եւ Գվատեմալան որոշել են իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխել:
Պաղեստինցիները կապերը խզել են Թրամփի վարչակազմի հետ այն բանից հետո, երբ 2017 թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ դեսպանատունը տեղափոխում է այնտեղ:
Բոլսոնարոն մարտի 31-ից ապրիլի 3-ը կայցելի Իսրայել: Ալզեբենը նշել է, որ Բրազիլիայի ղեկավարին հրավիրել են այցելել Պաղեստին, սակայն նա չի պատասխանել:





























