Ենթակառուցվածքների զարգացման եւ վարչարարության ոլորտի խնդիրները Հայաստանում մնացել են նաեւ հեղափոխությունից հետո: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ բարձր ռիսկերի առկայությունը եւ վարչարարությունում դժվարությունների հետ կապված բարձր ծախսերը եւ ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները թույլ չեն տալիս օգտագործել Հայաստանի ամբողջ ներուժը:
«Չնայած դրան` առաջընթաց կա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի 2,4 մլրդ դրամի չափով ներդրումներ են կատարվել: Այդ ներդրումները հիմնականում ռուսական ծագում ունեն», - նշեց փորձագետը:
Մակարյանը հավելեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում էր վարչապետի հանդիպումը խոշոր ներդրողների հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի զբաղվածության պատճառով այդ հանդիպումը չի կայանա, չնայած այն հանգամանքին, որ այն անցկացնելու խնդրանքով 16 օր առաջ էին դիմել:
«Խոսքն առաջիկա 3 տարիների ընթացքում էներգետիկայի ոլորտում 750 միլիոն դոլարի չափով ներդրումների մասին է, որոնք հետագայում կարող են մինչեւ 3-4 միլիարդ դոլարի հասնել», - հավելեց Գագիկ Մակարյանը:





























