Սպառողական վարկերն ապահովագրելու հնարավորությունից արդեն օգտվել է շուրջ 400 զինծառայող, եւ մենք այս ուղղությամբ բավականին խոշոր ծրագիր ենք իրականացնում: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Նրա խոսքով՝ զինծառայողներին վարկեր են առաջարկվում ավելի ցածր տոկոսադրույքներով եւ մարման ավելի երկարատեւ ժամկետներով: «Նրանք պետք է բանակցեն իրենց բանկերի հետ, որպեսզի նրանց ներվեն պարտքի պատճառով բողոքները, եւ որ այդ միկջոցներով հնարավոր լինի լուծել այլ հարցեր ու խնդիրներ: Կառավարությունն արդեն այս ծրագիրն իրականացնում է, պարզապես նրանք պետք է ակտիվ լինեն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության առաջարկած ծրագրից արդեն օգտված շահառուների թիվը, իր հաշվարկով, պետք է զգալիորեն ավելի մեծ լինի:





























