Հունարեն ձեռագիր Ավետարանը, որը թվագրվում է 1860 թվականին, հայտնաբերվել է Իրաքի հյուսիսում Մոսուլի ավերված նավթամշակման գործարանում՝ հայտնում է As Sumaria-ն։

Ինչպես պատմել է գործարանի աշխատակիցը, փլատակները հավաքելու ժամանակ Ավետարանը հայտնաբերվել է բեկորների, թղթերի եւ պատահական գրքերի մեջ։ «Այդ հազվագյուտ օրինակը ձեռքով է գրված եւ թարգմանված է արամեերենի եւ ասորերենի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Տաուտիլուս Մասուդն այն ուղղափառ եկեղեցու քահանան է, որին հանձնվել է Ավետարանը։ Նա ասել է, որ այդ «գտածոն անգին է, այն ավելորդ անգամ հաստատում է Իրաքում քրիստոնեության առկայությունը եւ խորհրդանշում է, որ քրիստոնյաներն ուզում են վերադառնալ Մոսուլ՝ իրենց տները»։

Պաշտոնական տվյալներով, քրիստոնյաները կազմում են Իրաքի 38 միլիոնանոց բնակչության 3 տոկոսը։ Նրանք հիմնականում ապրում են Բաղդադում, Մոսուլում, Կիրկուրկում, Բասրում։ Երկիր 2003թ․ ամերիկյան ներխուժումից եւ իսլամական արմատականների ակտիվացումից հետո տասնյակ հազարավոր քրիստոնյաներ լքել են Իրաքը, հարյուրավոր հավատացյալներ մահապատժի են ենթարկվել կամ բռնի իսլամ են ընդունել։

Մոսուլը մինչեւ 2014թ․ համարվում էր նեստորական քրիստոնեության կենտրոն։ Այնտեղ թաղված են մի քանի մարգարեներ, որոնք հիշատակվում են Հին Կտակարանում։ ԻՊ-ի ահաբեկիչների կողմից քաղաքը գրավվելուց եւ 2014-17թթ․ իրենց տիրապետության տակ պահելու ընթացքում շատ քրիստոնեական հուշարձաններ եւ ուխտավայրեր ոչնչացվել են։