Չիլիի Վերաքննիչ դատարանը վճռել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է փոխհատուցում վճարի Սանտյագոյի թեմի նախկին քահանա Ֆեռնանդո Կարադիմեի մասնակցությամբ սեռական բռնության երեք զոհերին, տեղեկացնում է Reuters-ը։
Եկեղեցին պետք է 100 միլիոն պեսո (146 հազար դոլար) վճարի «Խուան Կառլոս Քրուզին, Խոսե Անդրես Մուրիլյոյին եւ Ջեյմս Համիլթոնին «բարոյական վնաս» պատճառելու համար։ Տղամարդուն մեղադրում են այն բանում, որ նա սեռական ոտնձգություն է կատարել այս երեխաների հանդեպ եւ եկեղեցին թաքցրել է դա։
Սա Վերաքննիչ դատարանի առաջին վճիռն է, որը պահանջում է Չիլիի ազդեցիկ հռոմեա-կաթոլիկ եկեղեցուց փոխհատուցել վնասը սեռական ոտնձգության շուրջ շարունակվող սկանդալի պայմաններում, որն անցած տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին դրդեց ներողություն խնդրել ողջ աշխարհի եկեղեցական հանրության առջեւ։
Այս գործը կարող էր հող նախապատրաստել եւ դառնալ նախադեպ քաղաքացիական այլ հայցերի համար, որոնք կաթոլիկ եկեղեցուց պահանջում են նյութական փոխհատուցում Չիլիում եւ նրա սահմաններից դուրս։
Չիլիացի քննիչները դիտարկել են 167 հոգեւորականի մասնակցությամբ սեռական ոտնձգության մասին մոտ 120 հայտարարություն։
Այս սկանդալը հարկադրել է Ֆրանցիսկոս պապին ընդունել կարդինալ Ռիկարդո Էզատիի, Սանտյագոյի արքեպիսկոպոսի եւ Չիլիի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան անդամի հրաժարականը։
Կարադիմեն, որն այժմ 88 տարեկան է եւ ապրում է ծերանոցում, հերքում է մեղադրանքները, թե սեռական բռնության է ենթարկել նշված անձանց։ Քաղաքացիական իշխանությունները նրան մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ հայցի վաղեմության ժամկետը լրացել է։
Սակայն նա Վատիկանում 2011 թվականի հետաքննության ընթացքում մեղավոր է ճանաչվել, իսկ Հռոմի պապը փետրվարին նրան զրկել է հոգեւոր աստիճանից։





























