Ջեյմս Ալեքս Ֆիլդսը, որը 2017 թվականի օգոստոսին Շառլոթսվիլում վրաերթի էր ենթարկել ցուցարարների բազմությանը, իրեն մեղավոր է ճանաչել ատելության հիմքով կատարած հանցագործության մեջ, նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆիլդսն իրեն մեղավոր է ճանաչել 29 կետով, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է ցմահ ազատազրկմամբ:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրն այս կապակցությամբ հայտարարել է, որ ատելության հիմքով հանցագործությունների հետապնդումը երկրի իշխանությունների առաջնահերթությունն է:
Հիշեցնենք, որ 2017-ի օգոստոսին Շառլոթսվիլում տեղի էին ունեցել ուլտրաաջ եւ ձախ արմատական ակտիվիստների բախումներ: Ավտոմեքենայով բազմությանը վրաերթի ենթարկելու հետեւանքով զոհվել էր 32-ամյա կին, եւս 19 մարդ տուժել էր: Դրանից բացի, 2 ոստիկան զոհվել էր ուղղաթիռի ընկնելու հետեւանքով, որն ապահովում էր կարգը:
Երդվյալները խորհուրդ են տվել Ֆիլդսին դատապարտել ցմահ ազատազրկման, դատավճռի հրապարակումը սպասվում է մարտի 29-ին:





























