Խոսքը Ադրբեջանի համար նորմալ հռետորաբանության մասին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման նախօրեին Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության սաստկացումը, մասնավորապես՝ անմիջապես նախագահի աշխատակազմին ենթարկվող «Aztv» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում Ադրբեջանի ԽՍՀ նախկին Ջեբրայիլի շրջանի Չոջուք Մարջանլի գյուղից տոնական համերգի հեռարձակումը, որը Բաքվի իշխանությունները ներկայացնում են որպես 2016 թվականի ապրիլյան ռազմական էսկալացիայի հետեւանքով «հայ օկուպանտներից ազատագրված»:

Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ աշխատում են ինչպես միջազգային եւ հայ, այնպես էլ ներքին լսարանի ուղղությամբ: «Ադրբեջանի իշխանությունների կողմից այս գործողությունների օբյեկտը ներքին լսարանն է»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական հեռուստաալիքով համերգային ծրագիրն ուղեկցվել է հաղորդավարների ռազմատենչ հայտարարություններով՝ «մեր համերգային ծրագիրը վարում ենք ղարաբաղյան հողերից», «իմացեք, սա միայն սկիզբն է, շատ քիչ ժամանակ է մնացել մինչ այն պահը, երբ մեր հողերը կազատագրենք» եւ այլն: