ԱՄՆ աերոտիեզերական ազգային գործակալությունը եւ Գերմանիայի ավիացիայի կենտրոնը փնտրում են կամավորների, որոնք կհամաձայնեն մասնակցել գիտական փորձաքննությանը։ Կամավորները, ինչպես հստակեցնում են գիտնականները, ստիպված կլինեն երկու ամիս պառկել մահճակալին՝ հայտնում է Planet-Today-ը։

Սակայն չկարծեք, թե խոսքը հեշտ փորձաքննության մասին է։ Մասնակիցներին, օրինակ, թույլ չի տրվի նույնիսկ գլուխը բարձրացնել, այսինքն պետք է շատ հիմնավոր պառկել։ Զանազան ֆիզիոլոգիական պրոցեդուրաները եւս պետք է պառկած կատարվեն։

Անհարմարությունների համար խոստանում են լուրջ փոխհատուցում՝ 16,5 հազար եվրո։ Փորձի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել խիստ չափանիշների՝ օրինակ լինել 24-55 տարեկան 153-190 սմ հասակով կին, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը պետք է լինի 19-30-ի սահմաններում։

Փորձի նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրվի երկարաժամկետ տիեզերական ճանապարհորդությունների ազդեցությունը անեզր տիեզերական խորքերը հաղթահարողների առողջության վրա։ NASA-ի գիտնականներն ասում են, որ երկար պառկելու դեպքում օրգանիզմում տեղի են ունենում նույն փոփոխությունները, որոնք դիտարկվում են գրավիտացիայի բացակայության ազդեցությամբ, այդ պատճառով նման փորձերը մեծ պահանջարկ ունեն։