Շիրակի մարզում շինարարական կազմակերպությունները դժգոհում են, որ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար պետք է 400 հազար դրամ վճարեն, անգամ եթե չեն շահել որեւէ մրցույթում եւ ամբողջ տարին անգործ են լինելու:
«Անխտիր բոլոր շինարարական կազմակերպությունները սահմանված 400 հազարը վճարելու են` անկախ նրանից մրցույթում շահել են, թե՝ ոչ: Այսինքն նույնիսկ ամբողջ տարվա ընթացքում անգործ մնալու դեպքում, ընկերությունը այդ մեծ չափի գումարը վճարելու է` զուտ լիցենզիա ունենալու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ու հավելել. «Հիշյալ որոշման հետեւանքն այն կլինի, որ շատ շինարար կազմակերպություններ կլուծարվեն, քանի որ շատերն այսօր մատնված են պարապուրդի, ուստի վճարել չեն կարողանա»:
Շիրակի մարզի շինարարական կազմակերպությունների միության նախագահ Արտաշես Սարգսյանն էլ ընդգծել է. «Մեր մարզում շուրջ 22 շինարարական կազմակերպություններ կան գրանցված, որոնցից 8-ը խոշոր ու հզոր ընկերություններ են, նրանց միայն 3 տոկոսն է այժմ զբաղված: Մնացածն անգործ են, բայց ոչ այն պատճառով որ չունեն համապատասխան աշխատուժ եւ տեխնիկական սարքավորումներ, այլ նրա համար, որ աշխատանք չկա, տեղում շինարարություն իրականացնում են երեւանյան կազմակերպությունները»:
Ըստ շինարարների այս որոշումը շրջանառության մեջ է դրվել, որպեսզի դաշտը մաքրեն անհամեմատ փոքր շինարարական կազմակերպություններից:




























