Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում կայացրելց թույլ տալ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն: Հարցը ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:
Նա նշեց, որ այդ կազմակերպությունը էլեկտրոնային երաժշտության փառատոններ է կազմակերպում այնպիսի վայրերում, ինչպիսիք են ՆյուՅորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ այլն եւ այդ փառատոնները օնլայն հեռարձակվում են սոցիալական կայքերով եւ որն ունենում է 10-30 մլն դիտում:
Գալստյանի խոսքով՝ Գառնիում այդ փառատոնի անցկացումը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսք։ «Այս ծրագրի հիմնական նպատակը գովազդ ապահովելն է, որ մենք ունենք Գառնու պես տաճար»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 նման փառատոն է կազմակերպում, իսկ մեր տարածաշրջանում սա առաջինն է լինելու:
Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունը միակն է եւ պետական գնումը կատարվում է մեկ անձից, ոչ թե մրցույթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իրեն նույնպես տեղեկացրել են, որ փառատոնն անցկացնող կազմակերպությունը լուրջ զբոսաշրջային հոսք է իր հետ բերում։
Հարցն ընդունվեց կառավարության նիստում:



























