Թերթը գրում է, որ չկարողանալով եղած միջոցներով կանխել գների անկանոն բարձրացումը, կառավարությունը մտադիր է դա անել արհեստական միջամտությունների միջոցով։
Ըստ այդմ, առաջարկվում է Ազգային ժողովին փոփոխություններ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում։ Օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ մեկ ամսվա ընթացքում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գների 30 տոկոսից ավել բարձրանալու դեպքում գործընթացին միջամտում է կառավարությունը՝ սահմանելով տրամաբանական համարվող գներ։
Առաջին հայացքից թվում է, թե այս նախաձեռնությունը կարող է լուրջ լծակ լինել գների բարձրացումը կանխելու համար։ Սակայն իրականում այդպես չէ։
Որքան էլ տարբեր երկրներում գործում է պետության կողմից գների միջանկյալ կարգավորման նորմը, այնուհանդերձ այն հազիվ թե կարելի է արդյունավետ մեխանիզմ համարել։ Առավել եւս, երբ խոսքը մեկ ամսվա ընթացքում գների 30 տոկոսից ավել բարձրացման մասին է։ Նման դրսեւորումներ ապրանքային շուկաներում սովորաբար շատ հազվադեպ են տեղի ունենում։
Օրինակ, տարեսկզբին Հայաստանում 12-ամսյա գնաճը հասավ 12,4 տոկոսի։ Սա գնաճի չափազանց բարձր մակարդակ է, հատկապես Հայաստանի դեպքում, որտեղ, մի կողմից, տարիներ շարունակ գնաճը եղել է անհամեմատ ցածր, մյուս կողմից՝ բնակչության սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ։ Սակայն անգամ այդ պայմաններում կան շատ սակավաթիվ ապրանքներ, որոնց գները մեկ ամսվա ընթացքում թանկացել են 30 տոկոսից ավելի։
Ըստ վիճծառայության դիտարկումների, ընդամենը մեկ պարենային ապրանքի գծով է տեղի ունեցել 30 տոկոսից ավել գնաճը։ Խոսքը՝ գազարի մասին է, որը փետրվարին նախորդ ամսվա համեմատ թանկացել է 30,09 տոկոսով։
Մյուս բոլոր դեպքերում գնաճը ցածր է եղել դրանից։ Ասենք՝ կարտոֆիլը, որը ընդգրկված է կարգավորման ենթակա ապրանքների ցանկում, թանկացել է 16 տոկոսով։ Շաքարավազի գնաճը մեկ ամսվա ընթացքում եղել է ընդամենը 3,1 տոկոս։ Ցորեն, բրինձ, հնդկաձավար, ալյուր, որոնք եւս ընդգրկված են կարգավորման ենթակա ապրանքների ցանկում, թանկացել են 3,5-6 տոկոսով։ Կենդանական եւ բուսական յուղերի գները բարձրացել են ընդամենը 1,1 տոկոսով։ Նույն պատկերն է նաեւ մյուս ապրանքների դեպքում։
Ստացվում է, որ, ասենք, փետրվարի բարձր գնաճի պայմաններում այս նախաձեռնության շրջանակներում կառավարությունը պետք է կարգավորի ընդամենը մեկ ապրանքատեսակի՝ գազարի գինը, որի ազդեցությունը պարենային զամբյուղի վրա բնականաբար էական չէ։ Մյուս բոլոր դեպքերում առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը որեւէ իրավասություն չի տալիս։
Ակնհայտ է, որ այս ճանապարհով գնաճի դեմ պայքարելը արդյունավետ չէ։ Որքան էլ թանկացումները շատ հաճախ արհեստական բնույթ ունեն, այնուհանդերձ դրանք չեն տեղավորվում այն չափանիշերի մեջ, որոնք առաջարկում է կառավարությունը։ Միշտ էլ կարելի է ձեւ գտնել մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսից ավել գների բարձրացում թույլ չտալու համար։
Փոխարենը՝ առաջարկվող մեխանիզմի կիրառման դեպքում կարող են ի հայտ գալ բազմաթիվ լուրջ խնդիրներ, գրում է «Հայոց աշխարհը»։





























