Հայաստանի իշխանությունները առաջարկում են թարմացնել Կառավարության անդամների երդման պաշտոնական տեքստը՝ այն հարմարեցնելով «իրական Հայաստանի» հայեցակարգին։ Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ նախագծի կարգավորման նպատակը Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակության կատարելագործումն է։ «Երդման տեքստում առավել հստակորեն կանդրադառնան այն արժեքները, որոնք ուղղված են պետականության ամրապնդմանը, հանրային և պետական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևմանը», — ասաց Գալյանը։

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։ Առաջարկվող տարբերակով պաշտոնը ստանձնած Կառավարության անդամները կտան հետևյալ երդումը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման.

Երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Արդարադատության նախարարության ղեկավարի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Կառավարության անդամների կողմից տրվող երդումն առավել ամբողջական կանդրադարձնի պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակն ու պետական իշխանության հիմքում ընկած ֆունդամենտալ արժեքները։

Իր հերթին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարության անդամի երդման նոր տեքստում առկա են «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացությունները։ «Երդման նախորդ տեքստում կային «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերը։ Այս տեքստում առկա՞ են «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացությունները», — հարցրեց Կարապետյանը։

Գալյանը պատասխանեց, որ նոր տեքստում առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգն ու ժողովրդին։ «Սահմանված են հետևյալ սկզբունքները․ մենք պետք է գործենք՝ ելնելով այս Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներից», — հայտարարեց արդարադատության նախարարը։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց․ ««Հայրենիքի հզորացում» բառերն անհետացել են։ Անհետացել են նաև ժողովրդի առջև պարտավորությունները, ինչը կարևոր ու պատասխանատու դրույթ է Կառավարության անդամի համար։ Անհետացել են մեր ժողովրդի համազգային նպատակները»։

Գալյանն ի պատասխան հակադարձեց, որ համազգային նպատակը պետության հարատևումն ու զարգացումն է։