Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը կտրուկ աճելով հասել է 108 դոլարի (մեկ բարելի դիմաց)։ Պատճառը Սաուդյան Արաբիայի նավթամուղին անօդաչու սարքերով հասցված հարվածն է և Հորմուզի նեղուցի բացման հարցով Մերձավոր Արևելքի երկրների ու Իրանի հանդիպումը հետաձգելու որոշումը։ Եթե սաուդցիներին չհաջողվի վերականգնել Պարսից ծոցից մինչև Կարմիր ծով ձգվող նավթամուղի աշխատանքը, արտահանման համար նախատեսված նավթի պաշարները կսպառվեն մոտ մեկ շաբաթից։ Արդյունքում՝ համաշխարհային շուկան կարող է կորցնել մատակարարումների մինչև 4%-ը։ Այս մասին Reuters-ին և AP-ին հայտնել են սաուդյան նավթի գնորդներն ու թրեյդերները։

Կիրակի երեկոյան հրապարակված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ նավթամուղի պոմպակայանը լուրջ վնասներ է կրել ուրբաթ օրը Իրաքի տարածքից հասցված անօդաչուների հարվածից։ Այնտեղ գործում են Իրանի աջակցությունը վայելող զինյալներ։ Սա ստիպել է Saudi Aramco պետական ընկերությանը առնվազն մի քանի օրով դադարեցնել նավթամուղի աշխատանքը։ Ըստ Bloomberg-ի՝ ընկերության գնորդները դեռ տեղեկություն չունեն վնասների մասշտաբների և առաքման հետագա ծրագրերի մասին։

Սաուդյան Արաբիայի արտահանումը դեռ օգոստոսին նվազել էր՝ հասնելով օրական 3 միլիոն բարելի, ինչը նվազագույն ցուցանիշն է 2017 թվականից ի վեր, երբ սկսեցին հավաքագրվել տանկերների շարժի վերաբերյալ տվյալները։ Հուլիսին և օգոստոսին միջին օրական արտահանումը կազմում էր մոտ 4,6 միլիոն բարել, որից 3,7-4,3 միլիոնը՝ նավթամուղով, որտեղից էլ այդ նավթը տանկերներով տեղափոխվում է Կարմիր ծովով։ Իսկ նավթի համաշխարհային արդյունահանումը օգոստոսին կազմել է 100,1 միլիոն բարել, ընդ որում՝ Պարսից ծոցում ավելի քան 10 միլիոն բարելի հզորություններ դեռևս չեն գործել, հայտնել է Էներգետիկայի միջազգային գործակալությունը։

Սաուդյան արտահանմանն իրազեկ ոլորտային երեք աղբյուրների փոխանցմամբ՝ նավթամուղի աշխատանքի դադարեցման պատճառով Յանբու նավահանգստում եղած պաշարները կբավարարեն ընդամենը 5-7 օրվա մատակարարման համար։ Չորրորդ աղբյուրն էլ հայտնել է, որ Սաուդյան Արաբիան մի քանի օրվա պաշար ունի նաև եգիպտական երկու նավահանգիստներում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի նավթամուղի վերանորոգման համար»,— նշում է Sparta Commodities-ի նավթային հարցերով ավագ վերլուծաբան Ջուն Գոն։ Նրա կարծիքով՝ եթե մատակարարումները արագ վերականգնվեն, համաշխարհային շուկայի և հենց Սաուդյան Արաբիայի վրա ազդեցությունը չնչին կլինի, սակայն երկարատև դադարը կարող է հանգեցնել արդյունահանման հետագա կրճատման։

Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիայում արդյունահանումն արդեն օգոստոսին իջել էր մինչև 1990 թվականի մակարդակին։

Շուկայի համար կան նաև այլ բացասական գործոններ։ Իրանը բանակցություններ էր վարում Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման սկզբունքների շուրջ (երկու երկրները վերահսկում են դրա հանդիպակաց ափերը)։ Երկուշաբթի օրը նախատեսված էր Պարսից ծոցի մյուս երկրների հետ նրանց հանդիպումը (առաջինը պատերազմի սկսվելուց ի վեր)։ Սակայն այն հետաձգվել է «փոխհամաձայնության հասնելու նպատակով», հայտնել է Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին՝ չնշելով հետագա քայլերի մանրամասները։

Բացի այդ, Թեհրանի աջակցությունը վայելող եմենցի հութիներն անցյալ շաբաթ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին և գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող Փերիմ կղզին։ Այսպիսով, ինչպես Իրանը՝ Հորմուզի նեղուցում, այնպես էլ նրանք ուժեղացնում են վերահսկողությունը Կարմիր ծովից դեպի Ադենի ծոց, ապա Հնդկական օվկիանոս տանող նեղ անցուղու նկատմամբ։

Սաուդյան նավթը կարող է տեղափոխվել նաև հակառակ ուղղությամբ՝ Սուեզի ջրանցքով, սակայն այդ դեպքում տանկերները ստիպված կլինեն Ասիա հասնելու համար շրջանցել ամբողջ Աֆրիկան։

Այն պայմաններում, երբ Պարսից ծոցից նավթի արտահանումը (որն ամռանը գոնե մասնակիորեն վերականգնվել էր) սեպտեմբերին կրկին նվազել է ԱՄՆ-ի և Իրանի՝ միմյանց օբյեկտներին ու նավերին հասցրած հարվածների պատճառով, սաուդյան նավթամուղի աշխատանքի դադարեցումն էլ ավելի է սահմանափակում ասիական ՆՎԳ-ների (նավթավերամշակման գործարանների)՝ մերձավորարևելյան նավթի հիմնական գնորդների հնարավորությունները, նշում է Kpler-ի ավագ մենեջեր Սումիտ Ռիտոլիան։ Նրա խոսքով՝ երբ խափանումներ են նկատվում մի քանի երթուղիներում, նույնիսկ գնումների դիվերսիֆիկացումը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել ծախսերի աճը։

Այս ամենը կարող է հանգեցնել նավթի և վառելիքի գների հետագա աճի, ընդ որում՝ վառելիքը թանկացել է հումքից շատ ավելի արագ. ԱՄՆ-ում անցյալ շաբաթ դիզելային վառելիքի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը (մեկ գալոնի դիմաց)։