Դեմ լինելով բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ ընտանեկան, կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծն ավելի խորն ու մանրակրկիտ քննարկման կարիք ունի։ Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ նախագիծը, որի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, արդեն Ազգային ժողովում է, իսկ դրա ձևական հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը։ Նախագիծը քննարկվելու է հենց Գալստյանի ղեկավարած հանձնաժողովում, որն այս հարցով գլխադասայինն է։ «Ծանոթացել եմ հիմնավորումներին ու ողջ փաթեթին։ Բավականին ծավալուն նախագիծ է, և հանգել եմ այն եզրակացության, որ այն չի անցել հանրային բավարար լայն քննարկումներ», — նշել է պատգամավորը։
Անդրադառնալով այն լուրերին, թե Աննա Հակոբյանը ցանկացել է հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ, սակայն մերժում է ստացել՝ Լիլիթ Գալստյանը շեշտել է, որ նա չի դիմել գլխադասային հանձնաժողովին՝ օրինագիծը ներկայացնելու համար։ Միևնույն ժամանակ պատգամավորը հավելել է, որ իրեն հայտնի չէ, թե հատկապես որ կառույցներն են մասնակցել այդ փաստաթղթերի փաթեթի մշակմանը։





























