Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ին կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրներին, այցի ընթացքում Ֆիդանն առանձնազրույց և ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Բացի այդ, ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների զարգացումը։ Ֆիդանը նախատեսում է դրական գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և կարևորել աշխատանքների ակտիվացումը, որպեսզի իրագործվի երկու երկրների ղեկավարների նպատակը՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի։
Կքննարկվեն նաև համատեղ ծրագրեր, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտի հարցեր։
Հատուկ ուշադրություն կդարձվի դաշնակից պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում երկու պետությունների շարունակական համագործակցությանը։
Կողմերը կարծիքներ կփոխանակեն նաև բազմակողմ հարթակներում, առաջին հերթին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) շրջանակում փոխգործակցության շուրջ։ Ակնկալվում է, որ Ֆիդանը ադրբեջանական կողմի հետ կքննարկի ԹՊԿ առաջիկա 13-րդ գագաթնաժողովն ու COP31 համաժողովը, որոնք անցկացվելու են Թուրքիայի մասնակցությամբ։
Բանակցությունների թեմաներից մեկն էլ կլինի ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը։ Ֆիդանը մտադիր է նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ակնկալվում է, որ Թուրքիան կվերահաստատի կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման վերաբերյալ իր աջակցությունը և դրական կգնահատի արձանագրված առաջընթացը։
Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն կհայտնի օկուպացված Արցախի տարածքներում ենթակառուցվածքների վերականգնման, էներգետիկ ու առևտրային երթուղիների զարգացման և տարածաշրջանային կապերի ամրապնդման ջանքերին։
Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։





























