Սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, գրել է. «Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք։

Ո՞վ դատապարտեց։

Շատ ավելի փոքրաթիվ մարդիկ, շատ ավելի քիչ ագրեսիա դրսեւորելով, տապալել են մի ինչ-որ խմբի պատրաստած շատ վիճելի մի ձեռնարկի շնորհանդես, որ վերաբերում էր 3-6 տարեկան երեխաներին։ Ընդ որում, այդ ձեռնարկը պատրաստած խմբի նկատմամբ նույնպես առկա է հանրային գերակշիռ բացասական կարծիք։

Իրար հերթ չտալով՝ դատապարտում են։ Արժեքներ են մեջբերում, բաներ են անում։

Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին։

Հիմա արժեքների մասին։ Իմ կարծիքով, ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք ներս չմտնի... ԱՅ ՔԵԶ ԲԱՆ!!!)։ Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, եւ պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։

Ամեն դեպքում, սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն: