Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սակայն կարծում եմ առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաեւ վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը եւ տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։
Ընդհանրապես, հաստիքացուցակի հիմքը պետք է հանդիսանա նպատակից բխող գործառույթը։
Ակնհայտ է, որ ուռճացված հաստիքացուցակը նախկին իշխանություններին սպասարկելու նպատակ է հետապնդել եւ քաղաքային նոր իշխանությունը վստահ եմ կլինի ավելի կտրուկ, քան ներկայացված առաջարկն է»:
Ի պատասխան Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է. «Ամենամեծ վարչություններից մեկին՝ ֆինանսական վարչությանը թողել են առանց պետի տեղակալի, իսկ ընդհանուր հաստիքացուցակը տասնյակներով ավելացրել են»:
Քաղաքապետարանը 40 տոկոսով ավելացնում է հաստիքները. Նման բան ՀՀԿ-ն կարող էր միայն երազել. Խաժակյան





























