Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
«Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում էր, որ Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին:
Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել եւ քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհին արդեն մի քանի օր է «Նաիրի ՃՇՇ»-ն փոսալցման աշխատանքներ է իրականացնում ջրափոսերի վրա: Այս մասին մեզ հայտնել էր քաղաքացի Արկադի Գալստյանը եւ նաեւ տրամադրել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ասֆալտում ճանապարհի խոնավ հատվածները:




























