Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի հետ, հայտնում է Axar.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեության արդյունքներից, ինչպես նաեւ ընդգծել են այս ուղղություններով համագործակցության զարգացման կարեւորությունը:
Կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ընդունումը՝ նախատեսված բոլոր կարգերի զորքերի համար, որոնք արտադրվում են Բելառուսի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում:
Երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկելով՝ կողմերը որոշել են նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները՝ ուղղված Ադրբեջանի բանակի մարտունակության բարձրացմանը:





























