Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում է կայացրել տասնյակ տուրիստների գումարները յուրացնելու մեջ մեղադրվող «Երևան թրավել» տուրիստական ընկերության վաճառքի գծով մենեջերի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։  Ընկերության վաճառքի գծով մենեջերին՝ Արմինե Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով այն բանի համար, որ վերջինս 2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, կազմակերպության անունից ամրագրումեր է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում։

Դրանց  դիմաց քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով մաս-մաս ստացված, ընդհանուր առմամբ խոշոր չափի 9 միլիոն 610 հազար 515 դրամը հանելով տուրիստական կազմակերպության ֆոնդից, ընդգրկել է իր գույքային ֆոնդում՝ դիտավորությամբ յուրացնելով նշված գումարը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Քննության նախնական փուլում  նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։