Երեւանի 5 մանկապարտեզների գույքի սեփականաշնորհման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նախկինում սեփականաշնորհված մի շարք մանկապարտեզները պետությանը վերադարձնելու հարցին:
Մարուքյանը մասնավորապես նկատեց, որ հայկական լրատվամիջոցները նախկինում հարցականի տակ էին դրել երեւանյան մի շարք մանկապարտեզների օրինականության հարցը, որոնց շենքերը դադարել էին հանրային սեփականություն լինել:
Ի պատասխան գլխավոր դատախազը հայտնեց, որ հարցն ուսումնասիրվում է նրա գերատեսչության աշխատակիցների կողմից:
«Հանցագործության մասին ստացված տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցվել եւ քննություն է կատարվում», - նշեց Դավթյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ մանկապարտեզների ունեցվածքը կհաջողվի վերադարձնել պետությանը:




























