Ոչինչ այլեւս չի կաշկանդում Ֆրանսիային կողմ արտահայտվել նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքին: «Առավոտ» թերթում նման եզրակացության է հանգել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, անդրադառնալով այն փաստին, որ մարտի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն իր երկրի խորհրդարանում ԼՂ վերաբերյալ հարցին, ասել է. «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքն է»:
«Այսպիսով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկը վերահաստատեց ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ որեւէ հիերարխիայի բացակայությունը»,- նշել է Ա. Զաքարյանն ու հավելել. «Կարելի է վստահորեն արձանագրել, որ Ադրբեջանի պսեւդոիրավական հիմնավորումներն առ այն, որ ինքնորոշումը ստորադաս դիրք է զբաղեցնում տարածքային ամբողջականության հանդեպ, այլեւս որեւէ լուրջ կշիռ չունեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում: Կարելի է պնդել, որ փոխվել է պետությունների ընդհանուր մոտեցումը այդ երկու սկզբունքների հարաբերակցությանը, որը երեւում է նաեւ Ֆրանսիայի կողմից վերջին տարիներին վարած արտաքին քաղաքականության վարած արտաքին քաղաքականության համատեքստում»:
Նա հիշեցնում է, որ Ֆրանսիան որոշակի խնդիրներ է ունեցել Կորսիկայի անջատողական կազմակերպությունների հետ, սակայն դրանք հիմա նույն սրությամբ դրված չեն, ուստի «Կորսիկայի խնդիրն այլեւս չի կաշկանդում Ֆրանսիային ինքնորոշման խնդրում»:


























