Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքոմ Ղարաբաղի հարցն անպայման կքննարկվի։ «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է TURKSAM միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն Սինան Օգանը։

Նա նշել է, որ Թուրքիան կանգնած է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, եւ Անկարան ղարաբաղյան հարցում լուրջ քայլեր չի կարող ձեռնարկել ընտրությունների պատճառով։ «Սակայն ցանկացած պարագայում Թուրքիան Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ադրբեջանին»,- նշել է Օգանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը մարտի 15-ին պաշտոնական այցով կայցելի Մոսկվա։

Էրդողանը կքննարկի վիզային ռեժիմի վերացման, առեւտրրի եւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Եռօրյա այցի հիմնական կետերից մեկն էլ ռուս-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստն է։

Խորհրդանշական է, որ 90 տարի առաջ՝ մարտի 16-ին, Խորհրդային միությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին համաձայնագիր էին կնքել։ Հենց այդ՝  1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: