Մարտի 15-ին Ասիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում վաճառքի ալիք էր սկսվել, որի պատճառը Ճապոնիայում հնարավոր միջուկային աղետի վերաբերյալ ներդրողների մտավախություններն էին:
Այն բանից հետո, երբ ճապոնական իշխանությունները հայտարարեցին տուժած ատոմակայանների շրջակայքում ռադիոակտիվ ճառագայթման բարձր մակարդակի մասին, ներդրողներն սկսեցին ձերբազատվել ռիսկային ակտիվներից, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ասիայի եւ Եվրոպայի բորսաներում զանգվածային վաճառքներից հետո ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսները բացմանը նվազել են ավելի քան 2%-ով: Տոկիոյի Nikkei ինդեքսը երկուշաբթի նվազել է 6%-ով, գործարքների փակմանը` ավելի քան 10%-ով: Հոնկոնգյան Hang Seng –ը կորցրել է մոտ 3%: Նույն միտումներն են արձանագրվում նաեւ եվրոպական ֆոնդային շուկաներում:
Ճապոնական կառավարությունը փորձել է «հանգստացնել» շուկաները. մարտի 14-ին ֆինանսական համակարգ է ներարկվել $183 մլրդ, մարտի 15-ին` եւս $61 մլրդ:





























