Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները առաջ են ընթանում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե-Մանուել Բարոզուն` Բելգիայում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:

Բարոզուն նկատել է լավ առաջընթացը Ասոցացման համաձայնագրի բանակցություններում:

«Այդ հավակնոտ պայմանագիրը կբարձրացնի մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի վրա ե Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպական Միությանը: Այն մասնավորապես, կներառի բանակցություններ ազատ առեւտրի խորը եւ համընդգրկուն գոտու վերաբերյալ, որը կխորացնի տնտեսական ինտեգրումը Եվրամիության հետ»,- հայտարարել է Բարոզուն:

Նա կոչ է արել Տիգրան Սարգսյանին ակտիվացնել Հայաստանի ջանքերը առեւտրի հետ կապված բարեփոխումների ոլորտում: «Մենք պետք է տեսնենք հետագա առաջընթաց ինստիտուցիոնալ եւ վարչական հնարավորություններում, նաեւ նորմատիվ մերձեցման մեջ, նախքան սկսենք ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները»,- նշել է դիվանագետը:

«Հայաստանի վարչապետի հետ քննարկումներից հետո ես այժմ հասկանում եմ, որ մեր հայ ընկերները կարծում են, թե այդ բարեփոխումները գերակա են նաեւ Հայաստանի համար: Դրանք վճռորոշ նշանակություն ունեն գործարար եւ ներդրումային կլիմայի բարելավման համար»,- նկատել է նա:

Նրա խոսքով, այդ համատեքստում կարեւոր է, որ «Հայաստանը լիովին հարգի ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտականությունները»:

«Մեր համատեղ հավատարմությունը ընդհանուր արժեքներին` ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը առանցքային մասն է մեր հարաբերությունների եւ հիմք «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ընդլայնված համագործակցության համար»,- ասել է Բարոզուն: