Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան վաղաժամկետ ազատ արձակման համակարգի չգործման:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ցմահ դատապարտվածների իրավունքների պաշտպանության կազմակերպությունից, Հայաստանի առաջին ցմահ բանտարկյալ Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին լրացել է 2011 թվականի փետրվարի 2-ին, սակայն օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործել եւ Մանուկ Սեմերջյանի թղթածրարը նախատեսված մեկ ասվա ընթացքում չի ուղարկվել վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին։

«Միայն 2011 թվականի մարտի 10-ին Սեմերջյանին բանավոր փոխանցվեց այն մասին, որ 56 դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։ Երբ նա բողոքեց օրենքի կրկնակի խախտման դեմ, իր նկատմամբ կիրառվեց պատժիչ միջոցառում։ Խցի լուսամուտի վրա տեղադրվեց խցի օդափոխումը խափանող ճաղավանդակ։

Մանուկ Սեմերջյանը (իրեն աջակցող մի քանի դատապարտյալների հետ միասին) մարտի 12-ին սկսել է հացադուլ։ Նա պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ։ Մանուկ Սեմերջյանի շահերի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին պատրաստվում է դատական գործ հարուցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինախախտ պետի՝ Տիգրան Նավասարդյանի դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: