Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով հետաքննության շրջանակներում ձերբակալված կասկածյալներն են տարածել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր արմատները հայկական են։ Այս մասին գրել է թուրքական Zaman-ը։

Թուրքական պարբերականը փոխանցում է, որ ոստիկանության կողմից Oda TV-ի խմբագրությունում հայտնաբերած փաստաթղթերից մեկում նշվել է, որ «Էրգենեկոն»-ի գործով կասկածյալ Յալչըն Քյուչուքը «Էրգենեկոն»-ի նպատակների համար, լրատվամիջոցների օգնությամբ ապատեղեկատվություն է տարածել։

«Էրգենեկոն»-ի գործով 3-րդ մեղադրական զեկույցում նշվում է, որ 2008-ի դեկտեմբերին Oda TV-ի գլխավոր խմբագիր Բարըշ Փեհլիվանին հեռախոսով  հրահանգներ է ստացել Յալչըն Քյուչուքից՝ շարունակել ուղղորդել Գյուլի մոր արմատների մասին տեղեկությունները»,-նշել է Zaman-ը։

Բարըշ Փեհլիվանի հեռախոսային մի խոսակցության ժամանակ խորհուրդ է տվել Յալչըն Քյուչուքին՝  խոսել Oda TV-ի կայքի սեփականատեր Սոներ Յալչընի հետ՝ շեշտելով, որ Թուրքիայում չի կարող հայկական արմատներով ինչ որ մեկը դառնալ նախագահ։ Սրանից օրեր անց Oda TV-ում հրապարկվում է Գյուլի մոր արմատների մասին հրապարակում, որտեղ մեծ տեղ է հատկացվել կին պատգամավոր Ջանան Արըթմանի՝ Գյուլի մոր հայկական ծագման մասին հայտարարություններին։

Zaman-ը շեշտել է, թե 2007-ին  Գյուլի արմատների մասին քննարկումները սկսել է Oda Tv-ի կայքի սեփականատեր եւ Hurriyet-ի թղթակից Սոներ Յալչընը, ում գործը շարունակել է հակահայ պահվածքով հայտնի, սկանդալային կին պատգամավոր Ջանան Արըթմանը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ թուրքական դատարանի որոշմամբ «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում կալանավորվել են Oda TV կայքի սեփականատեր եւ Hurriyet-ի թղթակից Սոներ Յալչընը, Oda TV-ի կայքի գլխավոր խմբագիր Բարըշ Փեհլիվանը։

Այս ձերբակալություններից օրեր անց կրկին «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում կալանավորվել են հայտնի լրագրողներ Ահմեդ Շըքն ու Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեները, ով գիրք էր գրել Հրանտ Դինքի սպանության մասին։