Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» ընկերությունների խումբը 20 մլն դոլար վարկ կստանա «ՎՏԲ-Հայաստան» բանկից, որտեղ այսօր՝ մարտի 16-ին ստորագրվեց պայմանագիր։
«ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը համաձայնագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց, որ միջոցների 50%-ը տրամադրվելու է «Արմավիա» ընկերությանը, մյուս կեսը` «Միկա» խմբի մնացած ընկերություններին։
«Արմավիա»-ի սեփականատեր, «Միկա» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Բաղդասարովն ասաց, որ միջոցները օգտագործվելու են, մասնավորապես, Lufthansa ընկերությունից Bombardier ինքնաթիռի ձեռքբերման համար:
Մ. Բաղդասարովը նշեց նաեւ, որ չի պատրաստվում վաճառել իրեն պատկանող «Արմավիա» ընկերությունը՝ այդ լուրերը որակելով «ստահոդ»:
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը մարտի 14-ին հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» Երեւան-Մոսկվա չվերթը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողը պարտքեր է կուտակել օդանավակայանի առջեւ: Իր հերթին՝ «Արմավիան» հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Զվարթնոցում» սպասարկման վարձը մի քանի անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում։
Այդ կապակցությամբ Մ. Բաղդասարովն այսօր հայտարարեց հետեւյալը. «Այդ պարտքը կուտակվել է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում: Սովորաբար պարտքի մարումը կատարվում է հաջորդող ամսվա ընթացքում, բայց նրանք որոշել են այս անգամ ավելի շուտ պահանջել այդ գումարները»: Ըստ Բաղդասարովի՝ «Արմավիայի» ամսական պարտքը «Զվարթնոցին» տատանվում է 4-8 միլիոն դոլարի սահմաններում:




























