Սեւանում ֆիննական ներդրումներով տուրիստական առողջարանային կենտրոն է բացվելու, նաեւ ֆիննական «Սամպո ռոզենլավ» ընկերության հետ հացահատիկային կոմբայնների հավաքման արտադրություն է կազմակերպվելու:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Օլավի Սալոյին:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը ասել է, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ մյուս պատկան մարմինները պատրաստ են աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը` հավելելով, որ Հայաստանը կողմ է Ֆինլանդիայի հետ քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում երկխոսության խորացմանը:
Դեսպանի խնդրանքով, Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը` կարեւորելով հատկապես` ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները, ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման եւ ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման կարգի դյուրացման գործընթացները:





























